Archives

now browsing by author

 
Posted by: | Posted on: Փետրվարի 14, 2018

Բաց դաս հայ գրականությունից

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում այս անգամ բաս դաս էր. 10-րդ «գ» դասարանում: Աշակերտները (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Տաթևիկ Աշուղաթոյան) ներկայացրին Սայաթ-Նովայի «Աշխարըս մե փանջարա է…» խաղը։ Սակայն մինչև աշուղ-բանաստեղծի ստեղծագործության վերջակետը համարվող այս խաղին անդրադառնալը տասներորդցիները ներկայացրին մեծ սիրերգուի և մեծ խրատատուի կյանքի ու ստեղծագործության այն մանրամասները, որոնք ի վերջո հանգեցրին պալատից վերջնական վտարմանը, ինչի արդյունքում էլ ծնվել է «Աշխարըս մե փանջարա է…» խաղը։ Բաց դասը հագեցած էր նոր մոտեցումներով, երգով ու պարով: Աշակերտների ոգևորությունը փոխանցվում էր նաև դասալսողներին:

Posted by: | Posted on: Հունվարի 29, 2018

Yandex ծրագրավորման դպրոցի առաջին 26 շրջանավարտները պարգեւատրվել են հավաստագրերով:

Yandex ծրագրավորման դպրոցի շրջանավարտներից 8-ը ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի աշակերտներ են:

2017 թվականի հունվարի 21-ից Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած դասընթացները, որ կազմակերպվեցին շաբաթը երկու անգամ պարբերականությամբ, իրականություն դարձան Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Yandex ծրագրավորման դպրոցի ու Yandex taxi ընկերության համագործակցության շնորհիվ: Նախագիծը 9-11-րդ դասարանների աշակերտների համար էր, որոնք ցանկություն կհայտնեին ձեռք բերել ծրագրավորման նախնական հմտություններ: Եվ ահա հնարավորությունն ստեղծվեց հենց Վանաձորի տեխնոլոգիականում, երբ հայտարարված մրցույթին ներկայացած 147 դպրոցականներից ընտրվեցին 28-ը՝ մասնակցելով անվճար դասընթացներին:

Աղբյուրը` Loritv.am

Posted by: | Posted on: Հունվարի 25, 2018

16-ամյա Վահե Ասլոյանը ստեղծում է արհեստական բանականությամբ և վիրտուալ իրականությամբ խաղեր

16-ամյա աշակերտ Վահե Ասլոյանը, չնայած իր տարիքին, արդեն մի քանի խաղի հեղինակ է, որոնք համալրված են արհեստական ինտելեկտի և վիրտուալ իրականության տարրերով:
Վահեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի սան է, հաճախում է նաև «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա, իսկ իր ապագա կրթությունը պատկերացնում է հենց ՏՏ ոլորտում:

«Վաղ հասակից սիրում եմ համակարգչով զբաղվել, բացի դրանից, ՏՏ ոլորտը շատ հեռանկարային է, քանի որ անընդհատ զարգանում է»,- պատմում է Վահե Ասլոյանը:

Չնայած երիտասարդ տարիքին՝ Վահեն արդեն աշխատում է X-TECH ընկերությունում:
«Հենց հիմա ես աշխատում եմ X-TECH ընկերությունում՝ որպես խաղերի ծրագրավորող: Առաջին խաղը ստեղծել եմ իմ եղբայր Նարեկ Ասլոյանի հետ՝ KODU ծրագրով: Այն ուներ Deathrun անվանումը: Այդ խաղով մենք հաղթեցինք Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված մրցույթում: Հետո իմ ստեղծած Afterworld խաղով մասնակցեցի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից կազմակերպված Digicode 2017 մրցույթին և արժանացա «Լավագույն դիզայն» անվանակարգին:

Հետո ես սկսեցի զբաղվել ավելի պրոֆեսիոնալ ծրագրով՝ unreal engine 4, որի շնորհիվ ես ստեղծեցի խաղ՝ Rising Hope անվանումով, և ցուցադրեցի այն Digitech 2017-ին»:
Ըստ խաղի սցենարի՝ 2054 թվականին բժիշկները փորձել են քաղցկեղի դեմ դեղ արտահանել, բայց չի ստացվել։ Բնակչությունը վարակվել է այդ հիվանդությամբ, բացի մեկ միլիոն մարդուց, որոնց տեղափոխել են «Կալիստո» կոչվող տիեզերական կայան։ Հետագա իրադարձությունները զարգանում են «Կալիստոյում»։ Այս խաղի մեջ առկա է լավ զարգացած արհեստական բանականություն, որը պարբերաբար ուսումնասիրում է խաղացողի կատարած սխալները և ուղղում դրանք հենց խաղացողի դեմ: Խաղի մեջ առկա է նաև 3 գլխավոր հերոս, որոնց խաղի ընթացքում հարկավոր է կառավարել՝ համատեղ ջանքերով փորձությունները հաղթահարելու համար:

« Նախատեսված չափերով աշխատանքները կատարված են, բայց դեռ խաղը թերի վիճակում է»:

Rising Hope խաղում Վահեն աշխատել է արհեստական ինտելեկտի հետ:
«Մշակումներն ամբողջությամբ ես եմ իրականացրել՝ օգտագործելով C++ և Blueprint ծրագրավորման լեզուները: Արհեստական բանականության հետ սովորել եմ աշխատել ինքս՝ անընդհատ աշխատելով նոր և նոր մեթոդներ կիրառել»:

Հիմա աշխատանքները ժամանակավոր դադարեցված են: Վահեի խոսքով՝ խաղը հասանելի կլինի 3-4 ամսից: Խաղը նախատեսվում է թողարկել Steam հարթակում, իսկ հետո՝ ադապտացնել Android և IOS օպերացիոն համակարգերի համար:

Վահեն նշում է, որ այս պահին աշխատում է Virtual Reality նախագծի վրա X-TECH ընկերությունոմ: «Այդ պրոյեկտի անունը Orcz Evolve է: Այն իրենից ներկայացնում է action ժանրի խաղ, որտեղ մենք գտնվում ենք օրկերի և գոբլիների մոլորակում և պետք է պաշտպանենք պորտալը, որպեսզի նրանք չկարողանան ներխուժել Երկիր մոլորակ:
Այս խաղը մեկ ամսից կհայտնվի Steam հարթակում և պարբերաբար կունենա թարմացումներ»,- պատմում է Վահեն:

Աղբյուրը`  168hours

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 23, 2017

Ամանորյա դիմակահանդես

Ամանոր… Տարվա ամենասպասված և հրաշքներով լի տոնը նշվեց նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում: Կազմակերպվել էր Դիմակահանդես, որտեղ թևածում էր երգն ու պարը, հումորն ու բարձր տրամադրությունը: Ավագ դպրոցի աշակերտները տոնն էլ ավելի գունագեղ դարձրեցին իրենց հեքիաթային կերպարներով, երգ ու պարով, ձեռքի շնորհքով: Էլ ինչ Ամանոր առանց Ձմեռ պապի և Ձյունանուշի, ովքեր իրենց բարեմաղթանքն ու շնորհավորանքը հղեցին, ցանկանալով խաղաղություն և բարօրություն Հայաստան աշխարհին: Օր, որը դեռ շատ երկար կմնա բոլոր մասնակիցների հուշերում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 10, 2017

Աշակերտների այցը «Այբ» դպրոց

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի աշակերտները մասնակցեցին «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը Երևանի Այբ դպրոցում։ Նրանք ունեցանք շատ հետաքրքիր օր, ձեռք բերեցին նոր ընկերներ, գիտելիքներ և անմոռանալի տպավորություններ: Նման միջոցառումները բարձրացնում են աշակերտների մոտիվացիան, խթանում աշակերտների կրեատիվ մտածողության զարգացումը:

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 5, 2017

Վիքի-խմբակի մեկնարկը

2017թ.-ի դեկտեմբերի 5-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցում կայացավ Վիքիպեդիայի խմբակի առաջին դասը: Այն անցկացվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հարմարավետ և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լսարանում:

Խմբակի ղեկավար Մանուշ Արզումանյանը մասնակիցներին ներկայացրեց Վիքիպեդիայի ստեղծման պատմությունը, նրա առաքելությունը, նշեց, թե որքան կարևոր անհրաժեշտություն է դարձել 21-րդ դարում էլեկտրոնային այդ հսկա հանրագիտարանը: Կարևորվեց այն փաստը, որ Վիքիպեդիան ազատ տիրույթ է, և յուրաքանչյուր ոք կարող է ոչ միայն ստեղծել, այլ նաև բարելավել մյուսների ստեղծած հոդվածները` ուշադրություն դարձնելով հոդվածի որակի վրա:

Աշակերտները տեղեկացվեցին խմբագրման սկզբունքներին, էթիկայի կանոններին, ստեղծեցին մասնակցային հաշիվներ և կատարեցին իրենց առաջին քայլերը Վիքիպեդիայի անծայրածիր աշխարհում:

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 1, 2017

eTwinning-ը և մենք

eTwinning միջազգային ծրագիրը հնարավորություն է տալիս ուսուցիչներին և սովորողներին, ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով գրանցվել և օգտվել առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել Եվրոպայի իրենց գործընկերների հետ, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և այլ կրթական առցանց ծրագրեր։ Այն հնարավորություն է տալիս ներկայացնել իրենց դպրոցը, համայնքը և երկիրը, ծանոթանալ եվրոպական տարբեր երկրների պատմությանը, մշակույթին, կրթական համակարգին և այլն:

21-րդ դարի կրթական մարտահրավերների շարքում շատ լուրջ տեղ է գրավում սովորողների մոտիվացիան, քանի որ նոր տեխնոլոգիաների և համացանցի առկայությունը թույլ չեն տալիս սովորողներին իրենց ուշադրությունը կենտրոնացնել ուսուցման գործընթացին: Առաջանում է կարիք նոր մեթոդների և տեխնոլոգիաների կրառմամբ ուսուցումը առավել հետաքրքիր և մատչելի դարձնել: Իթվինինգի պրոյեկտներ իրականցնելիս օգագործվում են տարբեր մեթոդներ, որոնք ուսուցման երբեմն ձանձրալի պրոցեսը դարձնում են առավել գրավիչ, հետաքրքիր ու ցանկալի: Հնարավորություն են տալիս կիսվելու կուտակած առաջավոր փորձով, տեղեկանալ և կրառել Եվրոպական երկրներում մշակված մեթոդներն ու տեխնոլոգիաները, համացանցի բազմաթիվ ռեսուրսներից ընտրել իսկապես արժեքավորն ու արդյունավետը: Ինտերակտիվ գործիքների կիրառմամբ հասնել սովորողների՝ առավել բարձր արդյունքների ցուցադրմանը:  Իթվինինգ համայնքում հաղորդակցության հիմնական լեզուն անգլերենն է, սակայն իրականացվում են պրոյեկտներ ամենատարբեր լեզուներով։

Վերջերս մեր դպրոցը նույնպես միացավ eTwinning միջազգային ծրագրին: Դպրոցի 4 ուսուցիչներ (Նարա Աղամովա, Մանուշ Արզումանյան, Արմինե Ղազարյան, Արմինե Փարսադանյան) 28.11.17թ.-ին մասնակցեցին Վանաձորի հ.4 դպրոցում կայացած  Իթվինինգպլյուս Հայաստան և «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնք» ծրագրերի շրջանակներում կայացած տեղեկատվական հանդիպում սեմինարներին, որը նախաըտեսված էր համաեվրոպական և ազգային համայնքներին միացած բոլոր ուսուցիչների համար։ Նրանք սեմինարին ձեռք բերեցին նախնական գիտելիքներ և հմտություններ ծրագրի մասին: Արդյունքը իրեն ուշացնել չի տա…

 

Posted by: | Posted on: Նոյեմբերի 27, 2017

Էդուարդ Ամիրբեկյանի հոդվածը «Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրում

«Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրի 4-րդ պարբերականում իր տեղը գտավ Վանաձորի ՀԱՊՀ մասնաճյուղի ավագ դպրոցի 11-րդ դասարանի տաղանդավոր աշակերտ Էդուարդ Ամիրբեկյանի «Որոշ նկատառումներ պարզ թվերի վերաբերյալ» վերնագրով աշխատանքը: Էդուարդը նաև ռոբոտաշինության խմբակի մասնակից է, Վիքիպեդիայի կամավոր խմբագիր:

Posted by: | Posted on: Նոյեմբերի 27, 2017

Բաց դաս ֆիզիկայից «Գազային օրենքները» թեմայով

27.11.2017-ին Վանաձորի ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ «բ» դասարանում (ուսուցչուհի` Լ. Սարգսյան) անցկացվեց բաց դաս ֆիզիկա առարկայից: Դասը վերաբերում էր «Գազային օրենքներին»: Դասարանը բաժանված էր 3 խմբի և նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր գազային օրենքներից որևէ մեկը: Դասը կազմակերպվել էր ուսուցման ժամանակակից մեթոդներին համապատասխան: Աշակերտները պատրաստել էին դասը հարստացնող պաստառներ, ինչպես նաև գործածելով համակարգիչ ու պրոյեկտոր` խմբերը ներկայացրեցին իրենց պատրաստած պրեզենտացիաները:

 

Posted by: | Posted on: Նոյեմբերի 24, 2017

«Բարին արա» ակցիայի շրջանակներում

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի 11-րդ «բ» և 11-րդ «գ» դասարանների աշակերտները դասղեկներ Լ. Սարգսյանի և Մ. Գալստյանի հետ միասին «Բարին արա» ակցիայի շրջանակներում այցելեցին «Նարեկ» մանկական հիվանդանոց` փոքրիկներին ուրախացնելու, նրանց հիվանդանոցային միօրինակ առօրյայից մի քիչ կտրելու և ուրախ պահեր պարգևելու համար: Անակնկալներով և հետաքրքիր խաղերով նրանց միացավ նաև ծաղրածուն, ով երգ ու պարով մեծ ուրախություն պարգևեց ինչպես փոքրիկներին, այնպես էլ մեծերին: Երեխաները տպավորված էին նաև իրենց ստացած նվերներից և մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին դրանք: Ոչ պակաս տպավորված և ուրախ էին նաև կազմակերպիչները, երբ տեսնում էին փոքրիկների ուրախությունից փայլող աչուկները…