«Ուրախ ինֆորմատիկա» խաղ-մրցույթ

Posted by: | Posted on: Մարտի 17, 2018

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում մեկնարկել է համալսարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Հասմիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, կազմակերպել էին «Ուրախ ինֆորմատիկա» խաղ-մրցույթ, որի նպատակը մասնագիտական կողմնորոշման հարցում աշակերտներին ճիշտ ուղղորդելն էր: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենահաջողակ և արագ աճող ճյուղերից մեկն է, այն նպաստում է երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, ուստի այս նպատակով ծրագրեր են իրականացվում աշկերտներին կողմնորոշելու դեպի ՏՏ ոլորտը:
Մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը, ողջունելով և շնորհավորելով աշակերտներին միջոցառման առիթով, հայտնեց բարի լուր այն մասին, որ Հայսատանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ստացել է եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրման որոշում: Սա բուհի համար կարևոր գնահատանք և իրադարձություն է, միևնույն ժամանակ պարտավորեցնող՝ ավելի լավ և որակյալ կրթական ծառայություններ մատուցելու համար:
Վիկտորինային մասնակցում էին «Ինֆոմաններ» և «404» թիմերը. մեկ միավորի տարբերությամբ հաղթեց «404» թիմը: Աշակերտները ներկայացրին իրենց ունակությունները ինֆորմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ ստեղծագործական ոլորտում, որը զարգացրեց սովորողների ստեղծագործական ունակությունները, հասարակական ակտիվությունը և մեծացրեց նրանց հետաքրքրությունն ընտրած մասնագիտության նկատմամբ: