Դպրոցի պատմություն

1996 թ. սեպտեմբերի 9-ին ՀՊՃՀ ռեկտոր Յուրի Լևոնի Սարգսյանի և Ոստանիկ Զավենի Մարուխյանի նախաձեռնությամբ, կրթահամալիրի գիտխորհրդի որոշմամբ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղին կից հիմնադրվեց հենակետային վարժարանը: 1996-1997 թթ. առաջին տնօրենը Մ.Մ. Սիմոնյանն էր: Այդ նախաձեռնությունն այնքան մեծ ոգևորություն առաջացրեց ամբողջ Լոռու մարզում, որ առաջին իսկ տարում դիմորդների թիվը զգալիորեն գերազանցեց նախատեսված թվին:

1997 թ. տնօրեն է նշանակվել տ. գ. թ., դոցենտ Ա.Գ. Խառատյանը և այդ պաշտոնավարել մինչև 2009-ը: 2009-2010 թթ.-ից տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Ա. Հ. Սիրադեղյանը:

Հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2011 թ. հուլիսի 7-ի որոշումը և ՀՊՃՀ սեպտեմբերի 08-ի հրամանը՝  ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի հենակետային վարժարանը սեպտեմբերի 1-ից վերանվանվեց Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի և ներառվեց կառուցվածքային ստորաբաժանման մեջ: Ավագ դպրոցն ունի բնագիտամաթեմատիկական հոսքի ֆիզմաթ ենթահոսք (մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցմամբ):

Դպրոցի առաքելությունն է զարգացնել կրթության առաջնային արժեքները, սովորեցնել աշակերտներին կիրառել ստացած գիտելիքները և կերտել ապագայի ուրվագիծը: Ավագ դպրոցը ավանդական և այլընտրանքային մեթոդների զուգորդմամբ իրականացնում է հանրակրթական ծրագրեր:

Հիմնադրման առաջին իսկ օրվանից այստեղ դասավանդում են բանիմաց և փորձառու ուսուցիչներ, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ, դոկտոր:  Այս հիանալի մանկավարժական կազմը 20 տարիների  ընթացքում  իր ամբողջ ուժն ու տաղանդը ներդնում է աշակերտներին կրթելու գործում, կրթական ծառայությունների շուկայում հաջողությամբ իրականացնում է ուսուցում: Պահպանելով իր հին ու լավ ավանդույթները` փնտրում է նոր ճանապարհներ: Այսօր ավագ դպրոցն ունի 15 ուսուցիչ և 140 աշակերտ: Դպրոցն ունի նաև իր դրոշն ու հիմնը:

Ներկայումս ավագ դպրոցը համագործակցում է մայր բուհի և նրա մասնաճյուղերի հետ: 20-ամյա պատմությունը վկայում է, որ այս ձեռնարկումը լիովին արդարացված է, քանզի Պոլիտեխնիկի ուսանողների ստվար մասը կազմում են նախկին վարժարանի, այժմ՝ ավագ դպրոցի շրջանավարտները: Հաստատությունը կարողանում է լիակատար օգտվել համալսարանի հարուստ նյութատեխնիկական բազայից՝ լաբորատորիա­ներից, օնլայն կաբինետներից :

1996 թ.-ից մինչ այսօր  վարժարանը տվել է 1000-ից ավելի շրջանավարտ, որոնց շուրջ 97 տոկոսը հենց նույն տարին ընդունվել է Հայաստանի Հանրապետության պետական բուհեր, իսկ նրանց գերակշռող մասը՝ ճարտարագիտական համալսարան: Այստեղ գործում է ռոբոտատեխնիկական խմբակ, որը ղեկավարում է Ա. Բալյանը: Խմբակի անդամները ներկայանում են հետաքրքիր աշխատանքներով և ակտիվորեն մասնակցում են DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթներին,  Scratch ծրագրով գրում են բազմաթիվ խաղեր («Դիպուկահար», «Պատերազմ Արցախի համար», «Քաջ մարտիկը», «Դեղատուն» և այլն), ստանում մրցանակներ: Դրան զուգահեռ պատրաստել են մի քանի տիպի ռոբոտներ («Մաքրուհի», ական փնտրող ռոբոտ), ներկայացել տարբեր ցուցահանդեսներում և ստուգատեսներում  ստացել մրցանակներ:

ՀԱՊՀ ՎՄ ավագ դպրոցի առավելությունը մյուս ավագ դպրոցների նկատմամբ այն է, որ  մենք ակտիվորեն համագործակցում ենք Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ: Աշակերտներին հնարավորություն է տրվում մասնակցելու ծրագրավորման տարբեր դասընթացների (C (basic), C++(basic), Python(basic), HTML(5) Fundamentals, CSS Fundamentals, PHP Fundamentals):

Ավագ դպրոցը մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված մրցույթին: 2014թ. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունը, իրականացնելով դասընթացներ, անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն տվեց աշակերտներին, որի արդյունքում դպրոցը ստացավ դրամաշնորհ, և  վերանորոգվեց համակարգչային դասարան: Այսուհետև դասերից հետո այդ լաբորատորիան տրամադրվում է համայնքի` սոցիալապես անապահով պայմաններում գտնվող աշակերտներին, որոնք իրենց տանը համակարգիչ չունեն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում ավագ դպրոցը որպես նվիրատվություն ստացավ ռոբոտատեխնիկայի դասարանի գույք և  համակարգչային տեխնիկա: «Մանչո Գրուպի» կողմից տրամադրվեց նաև գույք ամբողջ դպրոցի համար:

Ավագ դպրոցն իրականացնում է նաև տարբեր միջոցառումներ (օլիմպիադաներ, բանավեճեր, վիկտորինաներ, քննարկումներ, մասնակցություն համալսարանի կողմից կազմակերպված ֆլեշ-մոբին):

Յուրաքանչյուր տարի իր անմոռանալի հետքն է թողել ավագ դպրոցի պատմության կերտման գործում, և դպրոցը ճանաչում է ձեռք բերել իր սաների շնորհիվ. հաջողությունների հայելին, նրա գլխավոր այցեքարտը շրջանավարտներն են: Նրանց գերակշռող մասը համալսարանի գերազանցիկ ուսանողներն են,  ավագները, ակտիվիստները, ուսխորհրդի անդամները, ապագա մագիստրոսներն ու ասպիրանտ­ները, ովքեր արդեն ճանաչված տնտեսագետներ, շինարարներ, ծրագրավորողներ, մեխանիկներ, բժիշկներ են ոչ միայն հանրապետությունում, այլև նրա սահմաններց դուրս:

Մեր շրջանավարտներից  հինգը գիտությունների թեկնածուներ են:

Խառատյան Գերաս`տնտեսագիտության թեկնածու: Ավարտել է ՀՊՃՀ-ի մագիստրատուրան: Գերմանիայի Դաշնության Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանի մագիստրատուրան «Ֆինանսներ և դրամ» մասնագիտությամբ, սերտիֆիկացված ֆինանսական վերլուծաբանների միության անդամ է, աշխատում է ներդրումային բանկում որպես պորտֆելի կառավարիչ:

     Գրիգորյան Արտյոմ`տնտեսագիտության  թեկնածու: Ավարտել է ժող. տնտեսության ինստիտուտը, Վանաձորի ավագանու անդամ է:

     Ասրյան Արսեն`տնտեսագիտության թեկնածու: Ավարտել է ժող. տնտեսության ինստիտուտը:

      Աղաբաբյան Լուսինե` տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Աշխատում է ՀԱՊՀ ՎՄ-ում: Հումանիտար առարկաների և մարմնակրթության ամբիոնի վարիչն է:

      Կաիկչյան Օհան`տնտեսագիտության  թեկնածու: Աշխատում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի “Wels Fargo” բանկում:

       Արտերկրում սովորած և ավարտած շրջանավարտներն են`

Խառատյան Դավիթ: Ավարտել է Պորտուգալիայի Բրագանսա քաղաքի պոլիտեխնիկական համալսարանը և ստացել երկակի դիպլոմ «Բիզնեսի կառավարում» մագիստրոսի որակավորում:

      Սարգսյան Արամ`ավարտել է  Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանը, ճարտարագիտության մագիստրոսի որակավորում:

Նազարյան Զաքար` 2011-ին ընդունվել և ավարտել  է Բարսելոնայի EAE բիզնես դպրոցի մագիստրատուրան, 2013 թ. ստացել է Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանի միջազգային բիզնես մագիստրոսի որակավորում: 2013 թ.-ին յուրացրել է Psicoanaliz EPBCN իսպաներեն՝ Centro Civic կուրսը` ստանալով հոգեվերլուծաբանի որակավորում:

Մեր շրջանավարտներից երեքը` Դոխոյան Վահեն, Սիմոնյան Դավիթը և Գրիգորյան  Արտյոմը Վանաձորի ավագանու անդամներ են:

Այս նվաճումները միանշանակ խոսում են այն մասին, որ դպրոցի 20-ամյա պատմությունը ձեռքբերումների և ստեղծագործական բեղմնավոր ճանապարհ է: Այսօր ևս ավագ դպրոցը  արժանապատվորեն է կատարում իր պարտքը` շարունակելով արդեն իսկ ստեղծած ավանդույթները, հիմնելով նորերը: