Վահե Ասլոյանն արդեն մի քանի խաղի հեղինակ է

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի սան 16-ամյա Վահե Ասլոյանն արդեն մի քանի խաղի հեղինակ է։

Նրա հերթական խաղը կոչվում է «Rising Hope»՝ «Ծագող հույս»։ Ըստ խաղի սցենարի՝ 2054 թվականին բժիշկները փորձել են քաղցկեղի դեմ դեղ արտահանել, բայց չի ստացվել։ Բնակչությունը վարակվել է այդ հիվանդությամբ, բացի մեկ միլիոն մարդուց, որոնց տեղափոխել են «Կալիստո» կոչվող տիեզերական կայան։ Հետագա իրադարձությունները զարգանում են «Կալիստոյում»։

Վահե Ասլոյանը խաղը պատրաստել է ընկերոջ՝ Էդուարդ Ամիրբեկյանի հետ։ Նախագծի վրա աշխատել են երկուսուկես տարի։ Առայժմ նախատեսում են խաղը պատրաստել համակարգիչներով խաղալու համար, հետագայում գուցե նաև՝ մոբայլ հարթակի համար։ Մասնագետները ծանոթացել են խաղի նախնական տարբերակին և հավանության արժանացրել։ Այն վերջնական տեսքի բերելու համար ժամանակ է անհրաժեշտ, բայց հեղինակներն ամեն ինչ պետք է անեն՝ այն վերջնական տեսքի բերել այս սեպտեմբերին՝ ԴիջիԹեք ցուցահանդեսին ներկայացնելու համար։

«Rising Hope»-ը և՛ ժամանցային, և՛ զարգացնող, և՛ ուսուցանող խաղ է։ Այն ունի հետաքրքիր սյուժե, մտածել է տալիս խաղացողին, ընգրկում է նաև գիտական փաստեր։ Մեծ ուշադրություն է դարձվել սյուժեին, որպեսզի այն հետաքրքիր լինի օգտվողների համար։

Վահե Ասլոյանը մեկուկես տարի ծախսել է խաղի արհեստական բանականության վրա, և ըստ նրա՝ խաղի արհեստական բանականությունը համանման խաղերի համեմատ շատ լուրջ մակարդակի վրա է։

Վահե Ասլոյանը 16 տարեկան է։ Հաճախում է ՀԱՊՀ-ի Վանաձորի մասնաճյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Այս տարի մասնակցել է նաև «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարին: Խաղեր նախագծելու փորձեր ունի։ Մասնակցել է մրցույթների և հաղթել։ «ԴիջիԿոդ» ծրագրավորման մրցույթում նրա և ընկերոջ՝ Էդուարդի «After World» խաղը հաղթել է «Լավագույն դիզայն» անվանակարգում։

Բացի այդ, նա հաղթանակ է գրանցել նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված KODU վիզուալ ծրագրավորման միջավայրում օնլայն խաղերի պատրաստման մրցույթի «Լավագույն խաղ» անվանակարգում։