Միջոցառում՝ նվիրված մայրերի տոնին

09.03.17թ.-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ նվիրված մայրերի տոնին: Միջոցառումը նախաձեռնել էր ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները աշակերտների մոտ ձևավորում են գեղագիտական ճաշակ և զարգացնում են նրանց ստեղծագործական միտքը: Միջոցառման ընթացքում աշակերտները ցուցադրեցին իրենց ունակությունները ասմունքի, երգի, պարի բնագավառներում, ինչպես նաև՝ ցուցադրեցին աճպարարական գեղեցիկ հնարքներ: Գարնանային օրերն ավելի են իմաստավորվում և շունչ առնում, երբ դրանք ասոցացնում ենք կնոջ, քրոջ և մայրիկի հետ, քանզի մեզ կյանք պարգևողները և այն գունեղ դարձնողները հենց մեր մայրերն են: Այս միջոցառման առանցքում ևս մայրն էր՝ իր ողջ քնքշությամբ և հմայքով: Աշակերտները իրենց սրտառուչ խոսքերը մայրերին ձոնելուց հետո նրանց նվիրեցին ծաղիկներ, ժպիտներ և գեղեցիկ հույզեր պարգևեցին իրենց մայրերին: Ուսուցիչները ևս արժանացան հարգանքի, քանզի նրանք նույնպես համարվում են կրթող և դաստիարակող մայրեր: Միջոցառմանը հյուրընկալվել էին այլ դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ և փոխտնօրեններ, ովքեր իրենց երախտիքի խոսքն ասացին 10-րդ «ա» դասարանի դասղեկ Հասմիկ Հովհաննիսյանին՝ գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար: Պոլիտեխնիկն ունի ոչ միայն ինժեներական և տեխնոլոգիական մտածողության կարողություն, այլև գեղագիտական և նրբաճաշակ վերաբերմունքի դրսևորում գեղեցիկի նկատմամբ:

 

 

 

 

 

 

Հատված միջոցառումից