«Էլի հայ ունենք» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ «Էլի հայ ունենք» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 102-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպել էր մասնաճյուղի ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լուսինե Սարգսյանը, ով իր խոսքում նշեց.
-Այո՛, ցավով ենք հիշում, սակայն չենք մոռանում, որ այսօր, դարաշրջանի մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մաքրել արցունքները, անհրաժեշտ է, ոչ թե խնդրել, ոչ թե աղաչել, այլ բողոքի ձայն բարձրացնել, բարձրաձայնել մեր պահանջը, լինել հետևողական և համառ: Միջոցառման անվանումը «էլի հայ ունենք» պատահական չէ: Եվ այսօր, որպես մի հայ մարդ, ցանկանում եմ գալիք սերնդի մեջ ամրապնդել պահանջատիրոջ հոգեբանությունը, այլ ոչ կոտորվածի:
Աշակերտները ոչ միայն հիշեցին և հարգեցին 1915 թվականի անմեղ նահատակների հիշատակը, այլև ևս մեկ անգամ ի լուր աշխարհի լսելի դարձրին իրենց հոգու ճիչը: Եվ վստահ էին, որ յուրաքանչյուր հայի պահանջը կստիպի վերջապես ընդունել Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչումը և պատմական Հայաստանի վերամիավորումը: Դասղեկը և աշակերտները նկարահանել էին տեսաֆիլմ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում, որտեղ ծաղիկներ դրեցին և իրենց սրտի խոսքն ասացին զոհերի հիշատակին:
Վերջում մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանը շնորհակալություն հայտնեց միջոցառումը կազմակերպելու, աշակերտների մեջ հայեցի հոգեբանություն սերմանելու և մեր պատմությունը սերնդեսերունդ փոխանցելու համար: