Ռոբոտաշինության խմբակ

ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակը ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերին։ Խմբակում սովորում է ավելի քան 50 աշակերտ ինչպես մասնաճյուղի ավագ դպրոցից, այնպես էլ քաղաքի այլ դպրոցներից։

Խմբակի ղեկավարն է ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Արաքսյա Բալյանը։ Նրա ղեկավարությամբ խմբակի աշակերտները ոչ միայն ստանում են գիտելիքներ ռոբոտաշինության հիմունքներից, ծրագրավորումից, էլեկտրոնիկայից, այլև ակտիվորեն մասնակցում եմ հանրապետական բազմաթիվ մրցույթների և միջոցառումների։

Դպրոցի ռոբոտաշինության դասարանը վերանորոգել են աշակերտները՝ Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության հայտարարած դրամաշնորհային ծրագիրը հաղթելու շնորհիվ, իսկ համակարգչային տեխնիկան և գույքը տրամադրել է Հայաստան Համահայկական հիմնադրամը՝ տեղեկանալով խմբակի նվաճումների մասին։

Խմբակում շատ կարևորվում է թիմային աշխատանքը։ Նպատակասլաց և գրագետ աշխատանքի շնորհիվ խմբակի աշակերտները 3 տարվա ընթացքում արժանացել են բազմաթիվ մրցանակների ԻՏՁՄ-ի կողմից կազմակերպված ռոբոտաշինության և խաղերի ծրագրավորման մրցույթներում, ինչպես նաև մասնակցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Ձեռնարկությունների Ինկուբատոր, Girls in Tech հիմնադրամների հայտարարած մրցույթներին և արժանացել մրցանակների։ Եթե մրցանակը տրվել է թիմին, ապա այն աշակերտների համաձայնությամբ օգտագործվել է այդ ժամանակ արդիական որևէ նպատակի համար, իսկ եթե մրցանակը ստացել է աշակերտը, ապա այն ամբողջությամբ տնօրինել է ինքը։ Այս սկզբունքն էլ ավելի է մոտիվացնում աշակերտներին, և նրանք ակտիվորեն մասնակցում են տարբեր միջոցառումների և մրցույթների։ Օրինակ՝ 2016թ․ ապրիլի 26-ին խմբակը մասնակցել է «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթին, ստացել խրախուսական մրցանակ՝ 100 հազար դրամ։ Այդ գումարով աշակերտները գնել են սնունդ ու հիգիենայի պարագաներ, և ուղարկել Մարտակերտի զորամասերից մեկը։

Աշակերտների պատրաստած մեկ այլ՝ «Մաքրուհի» անվանմամբ ռոբոտը բնագիտա-տեխնիկական ստուգատեսում արժանացել է առաջին կարգի մրցանակի։ Մրցանակի գումարով աշակերտները գնել են խմբակի համար անհրաժեշտ սարքավորումներ։ Աշակերտները պատրաստել են նաև գույներ տարբերակող և իրեր դասակարգող ռոբոտ, որին ներկայացրել են DigitecExpo ցուցահանդեսում։

Խմբակի աշակերտներից մի քանիսն արդեն աշխատում են որպես ծրագրավորողներ։

2016թ․ դեկտեմբերին ռոբոտաշինության խմբակի աշակերտ Վահե Ասլոյանը հաղթեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում իրականացվող Codu խաղերի մրցույթում և ստացավ գլխավոր մրցանակը՝ նոթբուք։

Տարեսկզբին ռոբոտաշինության խմբակը, հրավեր ստանալով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից՝ մասնակցեց այնտեղ կազմակերպվող բնագիտատեխնիկական ստուգատեսին: Այստեղ աշակերտները ներկայացրին իրենց նախագծած և ծրագրավորած «Ական փնտրող» ռոբոտին, ինչպես նաև ուսուցողական խաղեր և նորարարական նախագծեր: Որոշ ժամանակ անց հրապարակվեցին ստուգատեսի արդյունքները, որտեղ դպրոցի կողմից ներկայացված աշխատանքներն արժանացել էին մրցանակների:

Հաջորդ մրցույթը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից իրականացված «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթն էր, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ փետրվարի 11-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում: Յուրաքանչյուր խմբակ կարող էր ներկայացնել ընդամենը 2 հայտ:

360 հայտից ԴիջիԿոդի եզրափակիչ փուլ անցած 40 դպրոցականներ մրցել են մինչև 13 տարեկան և 13 տարեկանից բարձր տարիքային խմբերում: Աշակերտներն աշխատել են Scratch Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայրում և եզրափակիչ փուլում ներկայացրել իրենց աշխատանքները:

Մրցույթի նպատակն էր խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին:

Մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում՝ եզրափակիչ անցած 40 աշխատանքների մեջ «Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի աշակերտ Վահե Ասլոյանը իր After World խաղով:

Տեսնելով իրենց համադասարանցիների հաղթանակները՝ ավագ դպրոցի շատ աշակերտներ ավելի են ոգևորվել և լրջորեն պատրաստվում են առաջիկա մրցույթներին:

 

 

 

 

 

 

Իսկ ամենակարևորը, ինչպես նշում է խմբակի ղեկավարը, աշակերտները հասկանում են, որ միայն սովորելով և լրջորեն աշխատելով իրենք կունենան հաջողություններ ներկայում և ապագայում։